ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Վաշինգթոնում դեկտեմբերի 22-ի ասուլիսի ընթացքում նշել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարք Թոները` պատասխանելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մասին հարցին:
«Մեր հայացքներն այդ հարցի շուրջ աելի վաղ արտահայտել էինք: Դրանք չեն փոխվել: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է Թոները:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է Թուրքիայում լրագրողների բազմաթիվ ձերբակալությունների հարցին` հավելելով, որ Վաշինգտոնը տեղյակ է այդ ձերբակալությունների մասին:
«Կարծում եմ, մինչեւ 38 մարդ է ձերբակալվել, որոնցից շատերը հայտնի գիտնականներ, լրագրողներ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական ակտիվիստներ են: Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կոչ ենք անում հետաքննության եւ դատավարության թափանցիկություն ապահովել այս հարցում` հաշվի առնելով խնդրի կարեւորությունը»,- ընդգծել է Թոները:




























