Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհ է Երեւանում տեղացած ձյան մաքրման եւ ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներից: Այս մասին նա նշել է այսօր` դեկտեմբերի 23-ին, քաղաքապետարանում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է, սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ, մինչեւ օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաեւ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել եւ պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետեւանքներն արագ վերացնելու համար:
Հատկանշելով օպերատիվ շտաբի կողմից ողջ գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետեւել, նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը շատ արագ շտկվել է, սակայն արդյունքում սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից:
«Տեղումների ժամանակ 24 ժամ շարունակ ոչ միայն պետք է հետեւենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլեւ կանգնեք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա», -ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն:
Նշենք, սակայն, որ ինտերնետում հայտնվել են տեսանյութեր, որտեղ մեքենաները սահում են մերկասառույցով պատված փողոցներում:




























