Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի` որպես զարգացող պետության հետ կապված, բնորոշ են արեւելյան երկրներին հատուկ թրաֆիքինգի դրսեւորման առանձնահատկությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կատարած ուսումնասիրության մեջ, որում ամփոփվել են 2010թ. եւ 2011թ. ինն ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան:

Ըստ այդ ուսումնասիրության, նման վիճակը բնական է, քանի որ նախ` Հայաստանը տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման վիճակից ելնելով, այսպես թե այնպես նմանատիպ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում արեւելյան պետությունների հետ: «Հայաստանը հիմնականում թրաֆիքինգի զոհ դարձող մարդկանց` հատկապես կանանց յուրահատուկ բազա է հանդիսանում արեւելյան երկրների համար եւ դեպքերի մեծամասնությունում հանցագործությունը սկսվում է հենց Հայաստանում (հատկապես մարդկանց հավաքագրելու եւ փոխադրելու հետ կապված գործողությունները) ու ավարտվում է արտերկրներում»,- նշել են դատախազության պատասխանատուները:

Մասնավորապես, քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում (հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 11-ը շահագործման են ենթարկվել ԱՄԷ-ում), որի հետ թեեւ փոխադարձ իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել, սակայն այդ երկրի քրեական հետապնդման մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունները երկար ժամանակ անպատասխան են մնում կամ ոչ լիարժեք պատասխաններ են ստացվում:

«Քիչ չեն նաեւ Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի դեպքերը (հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 10-ը շահագործման են ենթարկվել Թուրքիայում), որոնց քննության ընթացքում վերը հիշատակված խնդիրներն առավել քան ակնառու են` պայմանավորված այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: Հանցավորության դեմ պայքարում համագործակցելու դատախազության առաջարկությունները թուրքական կողմից չի արձագանքվել»,- փաստում են ուսումնասիրության հեղինակները: