Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով ժայռի պայթեցման աշխատանքները կիրականացնի մասնագիտացված «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Նրա հետ պայմանագիր է կնքել ԱԻՆ-ը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ալնես Քոնսթրաքշն»-ի պայթեցնող մասնագետները` ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն մեկ շաբաթ տեղանքում իրականացնում են ուսումնասիրություններ եւ նախապատրաստական աշխատանքներ։ Քարաժայռի մատչելի վայրերում կառուցված փայտյա հարթակներից, իսկ դժվարմատչելի վայրերում` պարաններով կախված վիճակում, փրկարարների աջակցությամբ մասնագետները քարաժայռի վրա հորատել են 150 հատ մինչեւ մեկ մետր խորությամբ հորիզոնական անցքեր։
Արհեստական քարաթափումից ավտոճանապարհը չվնասելու նպատակով ճանապարհի ասֆալտյա մակերեսը ծածկվել է 1000 խմ բնահողով։
Այդ աշխատանքներն ԱԻՆ-ն իրականացրել է Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի հետ:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արհեստական քարաթափման աշխատանքները նախապատրաստելու եւ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-24-ը նշված տեղամասում գործում է միայն մեկ երթեւեկամաս, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթեւեկության համար: Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կազմակերպվելու է Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 շրջանցիկ ճանապարհով:
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն շաբաթ օրը` դեկտեմբերի 24-ին, ժամը 12-ին։




























