Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից իրեն կորցրած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Սարկոզիին՝ նշելով, թե ֆրանսիացիները Ալժիրում ցեղասպանություն են իրականացրել, որի մասին Սարկոզին կարող էր հորից էլ տեղեկանալ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե 1915-ից սկսած Ալժիրի ժողովրդի 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների կողմից։ «Դա ցեղասպանություն էր։ Ալժիրցիներին զանգվածաբար այրել են։ Եթե Ֆրանսիայի նախագահը չգիտի այդ մասին, թող գնա իր հորը հարցնի։ Նրա հայրը այդ տարիներին Ալժիրում է ծառայել»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։