Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան հայտարարել է  Կոկոյտիի հետ հանրապետության վիճակը կայունացնելու նպատակով կնքված համաձայնագրի ստորագրությունը հետ կանչելու մտադրության մասին: Այս մասին նա հայտարարել է այսօր` դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում` իր որոշումը հիմնավորելով նրանով, որ հակառակ կողմը չի կատարել փաստաթղթի պայմանները:

«Մյուս կողմը համաձայնագրի պայմանագրի պայմանները  չի կատարել: Համապատասխանաբար, ունե՞նք իրավունք ստորագրությունը հետ կանչելու: Ունե'նք», - ասել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, Կոկոյտիի եւ Ջիոեւայի միջեւ դեկտեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը նախատեսում էր դադարեցնել ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների բողոքի ցույցերը` Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Թեյմուրազ Հուգաեւի, նրա տեղակալ Էլդար Կոկոեւի եւ Գերագույն դատավոր Ացամազ Բիչենովի հրաժարականների դիմաց:

Ներկայացված հրաժարականները դեկտեմբերի 10-ի իր հրաժարականից առաջ Կոկոյտին ստորագրել էր, սակայն Հարավային Օսիայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին դեմ էր քվեարկել: