Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ կապված պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ֆրանսիայի մտավորականներն ու գործարարները ողջախոհ են եւ կկանգնեցնեն իրենց արժեքների դեմ հանդես եկող այս գործընթացը։
«Թուրք-ֆրանսիական հարաբերությունները շատ հին են։ Ֆրանսիայի նախագահի ներկայիս պահվածքով հարված է հասցվում այդ հարաբերություններին։ Ֆրանսիան Կովկասում առկա անկայունությունը, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կարգավորելու նպատակով ստեղծված Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է։ Ֆրանսիան իր այս պահվածքով կորցնում է անկողմնակալությունը։ Ուստի, Ֆրանսիան պետք է դուրս գա այդ միջնորդական աշխատանքներից։ Մեր արձագանքն իրավական է եւ շարունակվելու է»,-ասել է Գյուլը։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։




























