ՄԱԿ-ը ստիպված է վերանայել իր մարդասիրական ծրագրերը՝ «դժվար որոշումներ» ընդունելով դադարեցնելու «կյանք փրկող նախաձեռնությունները», քանի որ ԱՄՆ-ը կրճատում է միջազգային մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը: Այդ մասին բրիտանական Financial Times (FT) թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը։
«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր մարդասիրական ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլետչերը բերել է ՄԱԿ-ի մարդասիրական նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը տրամադրել է ֆինանսավորման երկու երրորդը:
ՄԱԿ-ն այս տարի կծախսի իր ծրագրված բյուջեի 90%-ից պակասը՝ ԱՄՆ-ի ապագա ֆինանսավորման անորոշության պատճառով, ասվում է FT-ի կողմից տեսած ներքին փաստաթղթում: Ըստ FT-ի՝ ՄԱԿ-ի բյուջեի ավելի քան 20%-ը գոյանում է Վաշինգտոնի ներդրումներից։
Ֆլետչերը նաև նշել է, որ որոշ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են վերահղել նախկինում մարդասիրական ծրագրերի համար նախատեսված միջոցները ռազմական արդյունաբերության վրա։ ՄԱԿ-ն արդեն «ազդանշաններ է ստանում», որ Ֆրանսիան և Գերմանիան ծրագրում են կրճատել իրենց ներդրումները կազմակերպության բյուջե այդ պատճառով: Այս ամենը, ըստ թերթի զրուցակցի, «ոչ պակաս ցավալի ազդեցություն ունի» ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։





























