Հիվանդանոցում մահացել է Ղազախստանի Ժանաոզեն քաղաքի զանգվածային անկարգությունների եւս մեկ մասնակից: Այս մասին տեղեկացրել է Ժանաոզենի կենտրոնական հիվանդանոցի պաթոլոգանատոմ Ժանիբեկ Մարտովը:

Ըստ  նրա` դեկտեմբերի 25-ին մահացել է դեկտեմբերի 17-ից վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձը:  Նա քաղաքացիական անձ է եղել:

Այդ կերպ, խռովությունների զոհերի պաշտոնական թիվը հասել է 16-ի, տուժել է ավելի քան 100 մարդ, գրում է «Լադա» էլեկտրոնային թերթը:

Միաժամանակ, ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ զոհերի թիվը հասնում է տասնյակների, իսկ զոհվածների դիակներն իբրեւ թե այրվել են իրավապահների կողմից` անկարգությունների իրական ծավալները կոծկելու համար:

Հիշեցնենք, որ խռովությունների 16 մասնակից ձերբակալվել է,  նրանց մեղադրում են «Մասնակցություն զանգվածային անկարգություններին» հոդվածով:

Ժանաոզենում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 16-ին` Ղազախստանի անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում: Դրանք հրահրել են նավթային ընկերություններից հեռացված աշխատակիցները, որոնց հետո միացել են այլ քաղաքացիներ: Խռովություններ են տեղի ունեցել նաեւ Շետպե երկաթուղային կայարանում, որտեղ դժգոհ ամբոխը փակել է գնացքների ճանապարհը:

Ավելի ուշ ցանցում հոլովակ էր հայտնվել, որում երեւում էր, որ ցույցը ցրելիս ղազախ իրավապահները հրազեն են կիրառել:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեկտեմբերի 17-ին քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: