Ռուսաստանը մտադիր է առաջիկայում եւս ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով տարվա արդյունքները եւ ներկայացնելով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 2012-ի համար:
«Հակամարտությունների եւ ճգնաժամերի կանխումն ու կարգավորումը ավանդաբար գտնվում են մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Մտադիր ենք շարունակել ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրյան հակամարտությունների ուղղությամբ»,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:




























