Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա իր պատմական հողերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ինչպես հաղորդում է ՌԼԴԿ պաշտոնական կայքը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ժիրինովսկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ընդունման անհրաժեշտության մասին իրենց կուսակցությունն արդեն վաղուց է խոսում:
«Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը: 1915-ի ողբերգական իրադարձություններին զոհ են դարձել մեկուկես միլիոն մարդ, եւ դրանց վրա աչք փակելն ուղղակի սրբապղծություն է»,-կարծում է Ժիրինովսկին:
«1915-ի ապրիլի իրադարձությունները մարդկության պատմության ամենասեւ էջն են: Ժողովրդի նման դաժան շահագործում տեղի չի ունեցել որեւէ եվրոպական կամ ասիական երկրում: Գրեթե մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկանց ուղղակի ոչնչացում ազգային պատկանելիության համար: Այսօր աշխարհը խոսում է դեմոկրատիայի մասին, եւ միջազգային ամբողջ հանրությունը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,-հավելել է նա: Ամփոփելով Ժիրինովսկին ընդգծել է, որ կատարվածը պետք է ճանաչի հենց ինքը` Թուրքիան: Հայաստանն էլ պետք է ետ ստանա իր պատմական հողերը:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:




























