Ռուսաստանի Աստրախանի շրջանում հանդուգն կողոպուտ է տեղի ունեցել. ապակու արտադրամասից պլատինե ձուլակտորներ են գողացել: Վնասի արժեքը 180 մլն ռուբլի է (~6 մլն դոլար):
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` հանցագործների խումբը` մոտավորապես 10-12 հոգուց բաղկացած, կապել է պահակներին, այնուհետեւ արտադրամասից առեւանգել է, նախնական տվյալներով, 42 պլատինե սալիկներ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` կողոպտիչները դիմակներով են եղել եւ զինված ինքնաձիգներով ու ատրճանակներով: Երբ նրանք արտադրամաս են մտել, այնտեղ գիշերային հերթափոխն է աշխատելիս եղել: Հանցագործները վնասել են ապակու ձուլման սարքը, ինչից հետո առեւանգել են պլատինե ձուլակտորները` 150 կգ ընդհանուր քաշով: Իրավապահ մարմինների խոսքով` գողերը գործարանի տեղանքում լավ են կողմնորոշվել: Գողոնը բարձելով ավտոմեքենայում` նրանք հեռացել են անհայտ ուղղությամբ:
Կողոպտիչներին «տաք հետքերով» բռնել չի հաջողվել: Հետախուզումը շարունակվում է: Ոստիկանները գործարանի լքված ավտոբուս են հայտնաբերել, որով, ամենայն հավանականությամբ, տեղափոխել են գողացած պլատինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ներկա պահին ՆԳՎ քննչական վարչությունը ուսումնասիրում է տեսագրությունը եւ աշխատակիցների ցուցմունքները: Նաեւ ստուգվում են ավտոտրանսպորտը եւ ավտոտնակային կոոպերատիվները:




























