Միացյալ Նահանգները հանքանյութերի ոլորտում չափազանց կախված է չինական ներմուծումից, ուստի Վաշինգտոնը չպետք է առևտրային պատերազմ սկսի Չինաստանի հետ, գրում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ Միացյալ Նահանգները 100%-ով կախված է Չինաստանից 15 կարևոր օգտակար հանածոների մատակարարումներից և ավելի քան 50%-ով կախված է Չինաստանից՝ 29 այլ ապրանքների  մատակարարումներից:

Գործակալությունը մատնանշում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքական կուրսի իրականացումը դեպի նոր հանքավայրեր մուտք գործելու և դրանց զարգացումը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ և կարող է տևել տասնամյակներ։

Վաշինգտոնը, գրում է Bloomberg-ը, Պեկինին դիմակայելու փոխարեն պետք է մշակի տեխնոլոգիաներ՝ օգտակար հանածոների ավելի արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաև ավելի ակտիվ աշխատի ԱՄՆ բարեկամ երկրների հետ հանքանյութերի ներմուծումը դիվերսիֆիկացնելու համար։

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերությունները վատթարացել են Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը մարտի 4-ից բարձրացրել է չինական բոլոր ապրանքների հավելյալ մաքսատուրքերը մինչև 20%:

Չինաստանը նպատակաուղղված պատասխան մաքսատուրքեր է սահմանել էներգառեսուրսների, խոշոր շարժիչներով ավտոմեքենաների, գյուղատնտեսական ապրանքների և Միացյալ Նահանգներից ներմուծվող այլ ապրանքների վրա: