Կանադայի կառավարությունը մարտի 28-ին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրի վարչապետ Մարկ Քարնիի «շատ կառուցողական» զրույցի մասին։

Տեղեկության համաձայն՝ զրույցը նվիրված է եղել երկու երկրների միջեւ հարաբերություններին։

«Ղեկավարները պայմանավորվել են սկսել համապարփակ բանակցություններ նոր հարաբերությունների մասին տնտեսության եւ անվտանգության ոլորտում, ընտրություններից անմիջապես հետո։ Միջանկյալ ժամանակաշրջանում ղեկավարները պայմանավորվել են, որ բանակցությունները Կանադայի միջազգային առեւտրի եւ միջկառավարական գործերի նախարար եւ թագավորի Գաղտնի խորհրդի նախագահ Դոմինիկ Լեբլանի եւ ԱՄՆ առեւտրի նախարար Հովարդ Լուտնիկի միջեւ ակտիվանում են առանցքային հարցերի լուծման համար»,- նշվել է Կանադայի կառավարության հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ Քարնին Թրամփին ասել է, որ հաջորդ ամսվա ընթացքում նա «ջանադրաբար կաշխատի՝ քննարկումներում Կանադան ներկայացնելու իրավունքը վաստակելու համար»։

Կանադայի վարչապետը նաեւ ասել է ԱՄՆ նախագահին, որ իր կառավարությունը պատասխան մաքսատուրքեր կսահմանի Կանադայի աշխատողներին եւ տնտեսությունը պաշտպանելու համար 2025թ. ապրիլի 2-ին ԱՄՆ լրացուցիչ առեւտրային մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը 25 տոկոս մաքսատուրքեր էր մտցրել կանադական ներմուծման համար։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը բազմիցս Կանադան անվանել է Միացյալ Նահանգների «51-րդ նահանգ», ինչը վրդովմունք է առաջացրել հարեւան երկրում։