Նոր տարվան ընդառաջ մայրաքաղաքում մեծացել է տավարի մսի պահանջարկը: Շուկան արձագանքում է այս ապրանքի թանկացմամբ: Դեր է խաղում նաեւ ընդհանուր գնաճը: Ընթացիկ տարվա նոյեմբերին Երեւանում տավարի միսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 19,5 տոկոսով` 2205 դրամից մինչեւ 2635 դրամ: Այս օրերին գինը տատանվում է 2800 - 3800 դրամի սահմաններում:
Թարմ մսի հիմնական մատակարարը հայ ֆերմերն է: Մայրաքաղաքը թարմ մսով ապահովելու հիմնախնդիրներից մեկը մայրաքաղաքի առեւտրային կազմակերպությունների եւ գյուղատնտեսների միջեւ կայուն աշխատող կապող օղակի բացակայությունն է:
Օրինակ` Վայոց Ձորի ֆերմերներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցանկանում է վաճառել մի քանի ցլիկների, սակայն մեծածախ գնորդ չկա: Մեծածախ գինը սահմանվել է 2200 դրամ:
Նշենք, որ նախորդ երկու տարիների գնաճը բացասական որակական ազդեցություն է թողել Հայաստանի բնակչության սննդաբաժնի վրա: Եթե անցած տարվա նոյեմբերին տավարի մսի գինը հացի գինը գերազանցում էր 4,9 անգամ, ապա այս տարի այդ ցուցանիշն արդեն 5,7 անգամ է: Ցածր եկամուտով ընտանիքները կրճատում են մսի սպառումը` փոխարինելով հացով եւ այլ էժան ապրանքներով:




























