ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը իր կնոջը երկու հանդիպման է տարել օտարերկրյա ռազմական գործընկերների հետ, «որտեղ քննարկվել են գաղտնի տեղեկություններ», գրել է The Wall Street Journal-ը։

Fox News հեռուստաալիքի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթը չի աշխատում ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, պարբերականին հայտնել են պաշտոնյաները։

Այս տեղեկության համաձայն՝ նա մասնակցել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ հանդիպումներին Բրյուսելում ՆԱՏՕ կենտրոնակայանում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումների ժամանակ։ Հիլիի հետ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից մեկ օր հետո, երբ ԱՄՆհայտարարել է, որ հրաժարվել է Կիեւի հետ հետախուզական տվյալների փոխանակումից: Լրատվամիջոցները գրել են, որ հանդիպմանը քննարկվել են «ԱՄՆ այս որոշման հիմքում ընկած պատճառները, ինչպես նաեւ երկու դաշնակիցների միջեւ ապագա ռազմական համագործակցությունը»։

Պարբերականի տեղեկացմամբ՝ ՆԱՏՕ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ գլխավորությամբ 50 երկրներից բաղկացած ֆորումի մասնակցությամբ, որը կոչվում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբ։ Պաշտոնյաները նշել են, որ ֆորումը պարբերաբար քննարկում է զգայուն տեղեկատվությունը, ներառյալ նվիրատվություններն Ուկրաինային, որոնք նրանք չեն ցանկանում հրապարակել:

Պարբերականը տեղեկացրել է, որ որոշ պաշտոնատար անձինք, որոնք ներկա են եղել հանդիպումներին, չեն իմացել, թե ով է Ջենիֆեր Հեգսեթը, մինչդեռ մյուսները զարմացել են նրա ներկայությունից, բայց թույլ են տվել անցկացնել հանդիպումն առանց առարկելու։