Աֆղանստանի իշխանությունները՝ ի դեմս «Թալիբան» շարժման, ազատ են արձակել գրեթե 2 500 բանտարկյալի՝ Ռամադանի ավարտին ընդառաջ, հայտնել է Աֆղանստանի գերագույն դատարանը։
Ինչպես տեղեկացրել է AFP-ն, Աֆղանստանում անվտանգության տարբեր մարմինների կողմից պահվող բանտարկյալների ճշգրիտ թիվը պարզ չէ, սակայն բանտային վարչակազմի (OPA) ներկայացուցիչը շաբաթ օրը AFP-ին ասել է, որ կալանքի տակ են գտնվում 11-12 հազար դատապարտյալներ:
Մոտավորապես նույնքան էլ կալանքի տակ են՝ սպասելով դատավարության, դատավճռի կամ բողոքարկման, ավելացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Մոհամադ Նասիմ Լալահանդը:
Երկուշաբթի գերագագույն դատարանը հայտնել էր, որ «2 463 բանտարկյալներ, որոնք համաներման իրավունք ունեին, ազատ են արձակվել, իսկ եւս 3 152-ի պատժաչափերը կրճատվել են»՝ համաձայն «Թալիբանի» գերագույն առաջնորդի հրամանագրի։
Մանր հանցագործությունների համար դատապարտված բանտարկյալների ազատ արձակումը սովորական պրակտիկա է Իդ ալ-Ֆիթր տոնին ընդառաջ, որը, ինչպես սպասվում է, սկսվելու է կիրակի կամ երկուշաբթի օրը:
Անցած տարի «Թալիբան» շարժման իշխանություններն ազատ արձակեցին մոտ 2 800 բանտարկյալի Ռամադանի ավարտից առաջ, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Անցած տարվա հոկտեմբերին Աֆղանստանում ՄԱԿ МООНСА առաքելությունը հայտնել էր, որ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունն իրեն տեղեկացրել է այն մասին, որ բանտերում բանտարկյալների թիվն ավելանում է, «եւ ամեն օր այնտեղ ավելի շատ բանտարկյալներ են հայտնվում, քան ազատվում են»։ МООНСА-ն նախազգուշացրել է ձերբակալությունների մեծ թվի եւ երկարատեւ բանտարկությունների մասին, ինչն «անասելի ծանրաբեռնվածություն է ստեղծում բանտային հաստատությունների համար»։





























