ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ   Գրենլանդիայի անեքսիայի վերաբերյալ իր խոսքերը «բացարձակ իրական են»։

«Մենք կստանանք Գրենլանդիան: «Այո, 100 տոկոսով», - ասել է Թրամփը: 

Ըստ նրա, «լավ հնարավորություններ կան, որ մենք կարող ենք դա անել առանց ռազմական ուժ կիրառելու», բայց «ես ոչինչ չեմ բացառում»: 

Հարցին, թե Գրենլանդիան ստանալը ինչ ուղերձ կպարունակի Ռուսաստանի  և մնացած աշխարհի համար, Թրամփը պատասխանել է․«Իրականում ես չեմ մտածում դրա մասին, իրականում ինձ համար միևնույն է: Գրենլանդիան միանգամայն առանձին թեմա է, բոլորովին՝ ուրիշ։ Սա միջազգային խաղաղության հարց է։ Սա միջազգային անվտանգության ու հզորության խնդիր է»։ 

«Գրենլանդիայի սահմաններից դուրս նավեր են ուղարկվում Ռուսաստանից, Չինաստանից և շատ այլ վայրերից։ Եվ մենք թույլ չենք տա, որ տեղի ունենա որևէ բան, որը կարող է վնասել աշխարհին կամ Միացյալ Նահանգներին»,- հավելել է ԱՄՆ նախագահը: 

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշայի հետ, այցելել էր Գրենլանդիա և կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ավիաբազայում հանդիպել զինվորականների հետ։

«Մեր ուղերձը Դանիային շատ պարզ է․ դուք այնքան էլ լավ չեք աշխատել Գրենլանդիայի ժողովրդի հետ»,- հայտարարել է Վենսն իր այցի ընթացքում։