ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին աշխատանքից հեռացնել այն լուրերից հետո, թե Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը սխալմամբ լրագրողի է ավելացրել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անդամների մասնակցությամբ Signal հավելվածի խմբային չաթում, որում քննարկվում էր Եմենում հութիներին հարվածներ հասցնելու ծրագրերը:
«Ես մարդկանց աշխատանքից չեմ հեռացնում կեղծ լուրերի և վհուկների որսի պատճառով», - ասել է Թրամփը՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում այս պատմությունն անվանելով «կեղծ լուրեր»:
«Այո», - պատասխանել է ԱՄՆ նախագահը այն հարցին, թե արդյո՞ք դեռ վստահում է Ուոլցին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, որոնք նույնպես եղել են Signal-ի չաթում և հրապարակել են պլանավորված հարվածների մանրամասն ժամանակացույցը նախքան դրանց իրականացումը:
«Կարծում եմ, որ սա պարզապես վհուկների որս է և կեղծ լուրեր, ձեր նմաններն անընդհատ խոսում են դրա մասին, բայց դա պարզապես վհուկների որս է, և դրա մասին պետք չէ խոսել: Մենք չափազանց հաջող հարված ենք իրականացրել։ Մենք շատ հզոր ու մահացու հարված ենք հասցրել: Եվ ոչ ոք չի ուզում խոսել դրա մասին: Այն ամենը, ինչի մասին ուզում են խոսել, անհեթեթություն է: Դրանք կեղծ լուրեր են,- նշել է նա:
«Ես պատկերացում չունեմ, թե դա ինչ Signal է։ Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչ Signal է: Ես կարող եմ ձեզ միայն ասել, որ սա պարզապես վհուկների որս է, և սա միակ բանն է, որի մասին ուզում է խոսել մամուլը, քանի որ դուք այլ բան չունեք խոսելու: Մինչդեռ սա մեծագույն 100-օրյա նախագահությունն էր մեր երկրի պատմության մեջ», - ավելացրել է ԱՄՆ նախագահը:
Մարտի 24-ին Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել, որում հայտնում էր, որ մարտի 11-ին նա Signal մեսենջերին միանալու հայտ է ստացել մի օգտատերից, որի օգտանունը եղել է Մայք Ուոլց։ Երկու օր հետո լրագրողը ծանուցում է ստացել խմբային չաթում ընդգրկվելու մասին, որտեղ ԱՄՆ վարչակազմի անդամները քննարկում էին Եմենին հարվածներ հասցնելու ծրագրերը։
Լրագրողի պնդմամբ, մարտի 15-ին, Փիթ Հեգսեթ անունով օգտատերը (Պենտագոնի ղեկավարի անունն է) հաղորդագրություն էր հրապարակել, որը պարունակում էր Եմենում «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ առաջիկա հարվածների մանրամասները, այդ թվում նշվում էին թիրախները, զենքը, ինչպես նաև հարվածները սկսելու ենթադրյալ ժամանակը, որը, ըստ Գոլդբերգի, համընկել է սոցցանցերում ռմբակոծությունների մասին առաջին լուրերի հրապարակման ժամանակի հետ։ Ավելի ուշ պարբերականը հրապարակել է չաթում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջական նամակագրությունը:





























