ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կիրակի օրը Ճապոնիան անվանել է «տարածաշրջանում Չինաստանի աճող ագրեսիվությունը զսպող անփոխարինելի գործընկեր» և հայտարարել Ճապոնիայում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը նոր «մարտական գործողություններ վարելու շտաբի» վերափոխելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Հեգսեթը, որն իր առաջին ուղևորությունն է կատարում Ասիայում, որտեղ Ճապոնիան նրա երկրորդ կանգառն է, անհրաժեշտ է համարել նաև, որ երկու երկրներն ավելին անեն իրենց ռազմական ներուժի ամրապնդումն արագացնելու համար, քանի որ տարածաշրջանը կանգնած է Չինաստանի ագրեսիվ ռազմական գործողությունների և Թայվանում հնարավոր արտակարգ իրավիճակի ստեղծման հավանականության առաջ:
«Ճապոնիան մեր անփոխարինելի գործընկերն է կոմունիստական Չինաստանի ռազմական ագրեսիան զսպելու գործում,- հայտարարել է Հեգսեթը Տոկիոյում Ճապոնիայի պաշտպանության նախարար, գեներալ Նակատանիի հետ իր բանակցությունների սկզբում։- Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները արագ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում զսպման համակարգը վերականգնելու ուղղությամբ»:
Ըստ Նակատանիի, երկու կողմերը պայմանավորվել են արագացնել այնպիսի հրթիռների ստեղծման և արտադրության համատեղ ծրագրերը, ինչպիսին է միջին հեռահարության «օդ-օդ» կատարելագործված հրթիռը (MRAAM) և դիտարկել «ցամաք-օդ» դասի SM-6 հրթիռների արտադրության հնարավորությունը՝ զինամթերքի պակասը նվազեցնելու համար:
Նախարարները նաև պայմանավորվել են արագացնել Ճապոնիայում ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների սպասարկման գործընթացը՝ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների պաշտպանական արդյունաբերությունն ամրապնդելու և համալրելու համար:
Կիրակի օրը Հեգսեթը հայտարարել է Ճապոնիայում իր ներկայիս հրամանատարության մակարդակի բարձրացման մասին՝ նշանակելով մեկ օպերատիվ հրամանատարի, որը կիրականացնի միացյալ ուժերի շտաբի գործառույթները՝ իր ճապոնացի գործընկերոջ հետ կապ հաստատելու և իրենց ուժերի համատեղ գործողությունների արագությունն ու մարտունակությունը բարձրացնելու նպատակով: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի վերակազմավորումը հնարավոր հակամարտությանն ավելի լավ նախապատրաստվելու քայլ է:
Հուլիսին, Բայդենի վարչակազմի օրոք, Ճապոնիան և Միացյալ Նահանգները որոշում էին ընդունել Ճապոնիայի և ԱՄՆ-ի ուժերի հրամանատարությունն ու վերահսկողությունն արևելաասիական երկրում բարելավելու մասին, ինչը մեծ կառուցվածքային փոփոխություն է, որն ուղղված է համատեղ օպերատիվ և արձագանքման կարողությունների ամրապնդմանը: Ճապոնիայում ավելի քան 50 հազար ամերիկացի զինվորական է գտնվում։
Անցյալ շաբաթ Տոկիոն ստեղծեց Ճապոնիայի միացյալ օպերատիվ հրամանատարություն (JJOC), որի խնդիրն է համակարգել Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային, ծովային և օդային ուժերը:





























