ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ զայրացած և կատաղած էր», երբ լսել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ղեկավարության հանդեպ վստահությունը՝ հավելելով, որ մեկնաբանությունները «սխալ հասցե են ունեցել»:
«Եթե մենք չկարողանանք համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում, և եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, ինչը կարող է և չլինել, բայց եթե համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, ես պատրաստվում եմ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել նավթի վրա՝ Ռուսաստանից եկող ամբողջ նավթի վրա», - ասել է Թրամփը NBC News-ի հետ հեռախոսազրույցում։
«Դա նշանակում է, որ եթե դուք նավթ գնեք Ռուսաստանից, չեք կարող ԱՄՆ-ում բիզնեսով զբաղվել: 25% մաքսատուրք կսահմանվի ամբողջ նավթի վրա, 25-ից մինչև 50 կետ՝ ամբողջ նավթի վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«25 տոկոսի մաքսատուրք կմտցվի Միացյալ Նահանգներում վաճառվող նավթի և այլ ապրանքների վրա, երկրորդական մաքսատուրքեր»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ հրադադարի համաձայնագրի բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքերը կսահմանվեն մեկ ամսվա ընթացքում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը գիտի, որ ինքը զայրացած է, սակայն նշել է, որ ինքը նրա հետ «շատ լավ հարաբերություններ ունի», և «զայրույթը արագ կցրվի, եթե նա ճիշտ վարվի»։
Թրամփն ասել է, որ ինքը և ՌԴ նախագահը մտադիր են այս շաբաթ կրկին խոսել։





























