Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ գնդապետ Յակով Բլիտշտեյնին նշանակել է «Գազայից կամավոր վերաբնակեցման վարչության» ղեկավար, ասվում է հայտարարության մեջ, գրում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության նախարարի գրասենյակը պնդում է, որ Բլիտշտեյնը կառավարման մեծ փորձ ունի՝ ծառայելով արտաքին գործերի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարություններում բարձր պաշտոններում:
Ըստ հայտարարության, նրա դերը լինելու է «երրորդ երկրներ արտագաղթել ցանկացող Գազայի բնակիչների անվտանգ և վերահսկվող տեղաշարժի համակարգումը, ներառյալ նրանց տեղաշարժի անվտանգության ապահովումը, սահմանային անցման ուղիների կազմակերպումը և ցամաքային, ծովային և օդային փոխադրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը»:
«Մենք հավատարիմ ենք իրականացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը՝ պայմաններ ստեղծելու կամավոր արտագաղթի համար Գազայի բնակիչների համար, որոնք ցանկանում են տեղափոխվել աշխարհի տարբեր վայրեր: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ Գազայի բնակիչների առնվազն 40%-ը շահագրգռված է արտագաղթով»,- ասել է Կացը:





























