ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել Սպիտակ տանը երրորդ ժամկետի համար առաջադրվելու հնարավորությունը։
Ներկայումս դա արգելված է ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղմամբ, սակայն Թրամփը նշել է, որ դրա համար կան մեթոդներ՝ պարզաբանելով, որ «չի կատակում»։
«Շատ մարդիկ են ուզում, որ ես դա անեմ: Բայց ես հիմնականում ասում եմ նրանց, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, գիտեք, դեռ շատ վաղ է վարչակազմի համար: Ես կենտրոնացած եմ ընթացիկ պահի վրա», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հարցին, թե ցանկանում է առաջադրվել երրորդ ժամկետի համար, նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ աշխատել»:
Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք նրան ներկայացրել են ծրագրեր, որոնք հնարավորություն կտային առաջադրվել երրորդ ժամկետի համար, Թրամփն ասել է․«Մեթոդներ կան, որոնց օգնությամբ դա հնարավոր է»։
NBC News-ի թղթակիցը հարցրել է հնարավոր սցենարի մասին, որի դեպքում փոխնախագահ Վենսը կառաջադրվի այդ պաշտոնում, իսկ հետո այն կփոխանցի Թրամփին։ Թրամփը պատասխանել է, որ դա «մեթոդներից մեկն է»։
«Բայց կան ուրիշները»,- հավելել է նա։
Ուրիշ մեթոդ ներկայացնելու խնդրանքին Թրամփը պարզապես պատասխանել է «ոչ»։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Սահմանադրության մեջ երկու ժամկետի սահմանափակման չեղարկման ուղղումներ մտցնելը չափազանց բարդ է։ Դրա համար կպահանջվի կամ Կոնգրեսի ձայների երկու երրորդը, կամ նահանգների երկու երրորդի համաձայնությունը՝ ուղղումներ մտցնելու համար սահմանադրական ժողով գումարելու մասին։





























