ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հարցազրույցում հայտնել է, որ չի բացառում երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը որպես նախագահ, եւ կան «մեթոդներ» դրա համար։

«Շատերը ցանկանում են, որ ես դա անեմ։ Բայց ես նրանց հիմնականում ասում եմ, որ մենք պետք է երկար ճանապարհ անցնենք, դուք գիտեք, դեռ շատ վաղ է»,- ասել է Թրամփը։ Երբ նրան խնդրել են բացատրել, նա պատասխանել է, որ «չի կատակում»։ «Բայց ես չեմ կատակում, դեռ շատ վաղ է այդ մասին մտածելու համար»,- ասել է նախագահը։

NBC News-ը նշել է, որ երրորդ ժամկետի համար արգելք է հանդիսանում Սահմանադրության 22-րդ լրացումը, որը սահմանափակում է այդ պաշտոնին գտնվելու ժամկետը մեկ մարդու համար միայն երկու ժամկետով (կարեւոր չէ՝ անընդմեջ, թե ընդհատումով)։ Սակայն Թրամփը պատասխանել է, որ «կան մեթոդներ», որոնց օգնությամբ նա կարող էր առաջադրվել երրորդ անգամ։

Ի պատասխան NBC News-ի հարցի այն սցենարի մասին, որի դեպքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կառաջադրվի, իսկ հետո պաշտոնը կհանձնի, Թրամփը պատասխանել է, որ «դա մի մեթոդն է»՝ ավելացնելով, որ «կան նաեւ այլ մեթոդներ»։ Դրանց մասին պատմելու խնդրանքին նա պարզապես պատասխանել է՝ «ոչ»։