Երեւանի եւ ՌԴ քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հանդիպման ժամանակ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ Երեւանի եւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի եւ այլ քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական եւ տնտեսական կապերը հետագայում եւս կշարունակեն համաչափ զարգանալ:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է ինչպես հայ- ուսական դաշնակցային, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի եւ ՌԴ քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բարձր մակարդակի վրա եւ բավականին ակտիվ է, այլեւ զարգացման լայն հեռանկարներ ունի։ Քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի եւ ՌԴ քաղաքների միջեւ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակվեն եւ քաղաքապետարանը պատրաստակամ է ու բաց՝ փոխշահավետ նոր առաջարկներ ու ծրագրեր քննարկելու։




























