2011 թ. ընթացքում շարունակվել են Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման աշխատանքները: Այդ մասին NEWS.am-ին ասաց Հ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Կառավարության ծրագրերը, մասնավորապես, կնպաստեն այդ տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը:

ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել են «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը եւ հատակագիծը, ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ: Ազգային պարկում գտնվող 15 համայնքների համար մշակվել եւ իրականացվում են համայնքային զարգացման փոքր ծրագրեր:

Հիշեցնենք, որ «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու մասին որոշումն ընդունվել է 2007 թ.: Նախատեսվում է 2012 թ. ավարտել ազգային պարկի ստեղծումը: Նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը` Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմանի վրա, եւ միեւնույն ժամանակ նպաստել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը:

Արփի լիճը եւ այն շրջապատող բուսական եւ խոնավ տարածքները տասնամյակների ընթացքում փոփոխության են ենթարկվել եւ դեգրադացվել են մարդկային գործունեությունից: Որոշ խոնավ տարածքներ չորացել են եւ ինտենսիվորեն օգտագործվում են խոտհունձի համար: Տարածքի էկոհամաարգին վնաս է հասցրել նաեւ անասունների չկարգավորված արածեցումը: