ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը դրական է գնահատում 2011 թ. ընթացքում իրենց կատարված աշխատանքները, միաժամանակ համարում է, որ 2012-ին ԱԻՆ-ն անելիքներ շատ ունի: Այս մասին նա նշել է այսօր` դեկտեմբերի 28-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ուշադրություն է հրավիրել առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում եւ այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման եւ հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա եւ հանձնարարել ակտիվորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բեւեռելու նպատակով հեռուստատեսությամբ կցուցադրվեն հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագործման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակներ:

Նշվել է, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայությունն ամբողջովին գործում է, եւ մեր քաղաքացիները ցանկացած արտակարգ պատահարի դեպքում կարող են զանգահարել 911 միասնական հեռախոսահամարով։

Նախարարին զեկուցվել է դեկտեմբերի 24-ին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35-րդ կմ-ին հարակից տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասի պայթեցման աշխատանքների արդյունավետ իրականացման մասին։ Նշվել է, որ քարաթափման սպառնալիքը վերացվել է, ավտոճանապարհն ամբողջությամբ երթեւեկելի է ու անվտանգ։

Անցյալ շաբաթ ավարտվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կառավարման պլանավորման» ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման` հինգ նոր սեյսմիկ կայաններով համակարգի ներդրումը։ Նոր սերնդի այս համակարգը հնարավորություն է ընձեռում սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ իրական ժամանակում անմիջապես որոշել երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունն ինտերնետ կապի միջոցով կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին ստացվող արագ տեղեկատվությունը կբարձրացնի տեղեկացվածության աստիճանը։ Նման համակարգն իր հնարավորություններով առաջինն է մեր տարածաշրջանում: