ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել հանդիպել «ամենաբարձր մակարդակով»՝ խաղաղության համաձայնագիրը «ավարտին հասցնելու» համար։

«Լավ օր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների եւ հանդիպումների համար: Նրանք շատ մոտ են համաձայնության, եւ այժմ երկու կողմերը պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակով, որպեսզի «գործն ավարտին հասցնեն»: Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրեք արյունահեղությունը ՀԻՄԱ։ Մենք կլինենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի՝ օգնելու վերջ տալ այս դաժան եւ անիմաստ պատերազմին»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։

Կրեմլում ուրբաթ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։

Այն շարունակվել է մոտ երեք ժամ։ Նախորդ անգամ Պուտինը եւ Ուիթքոֆը հանդիպել էին Պետերբուրգում ապրիլի 11-ին։