ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) նոր զեկույցը ցույց է տալիս, որ միգրացիայի ընթացքում մարդկանց մեծ մասը մահանում է ոչ թե սեփական ընտրությամբ, այլ հուսահատությունից՝ փախչելով անապահովությունից, հակամարտություններից, բնական աղետներից և այլ մարդասիրական ճգնաժամերից։
2014 թվականից ի վեր ավելի քան 52 հազար մարդ է մահացել ճգնաժամից տուժած երկրներից փախչելու փորձի ժամանակ։ Դա կազմում է այս ժամանակահատվածում աշխարհում գրանցված բոլոր ներգաղթյալների մահերի գրեթե երեք քառորդը (72%)։ Դրանց թվում են ավելի քան 39 հազար մարդ, որոնք մահացել են ճգնաժամային գոտիներում, հաճախ՝ վտանգավոր պայմաններում, և ավելի քան 13 հազար 500 մարդ, որոնք մահացել են հակամարտությունից կամ աղետից փախչելու փորձի ժամանակ։
2014 թվականից ի վեր ներգաղթյալների մահվան բոլոր գրանցված դեպքերի կեսից ավելին (54%) տեղի են ունեցել հակամարտություններից կամ բնական աղետներից տուժած երկրներում կամ դրանց մերձակայքում։ Օրինակ՝ Աֆղանստանում ավելի քան 5000 մարդ է մահացել տարանցման ճանապարհին, ներառյալ՝ հազարավոր մարդիկ, ովքեր մահացել են 2021 թվականի քաղաքական ցնցումներից հետո երկրից փախչելիս։
Մյանմայից ավելի քան 3100 ռոհինջա է մահացել, շատերը՝ նավաբեկության կամ լաստանավով Բանգլադեշ տեղափոխվելիս։ Կենտրոնական Միջերկրական ծովը մնում է աշխարհի ամենամահացու միգրացիոն ուղին, որտեղ ծովում մոտ 25 հազար մարդ է մահանում:





























