Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ են սկսել պատվիրակությունների մասնակցությամբ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Օրակարգում են՝ միջազգային խնդիրները (ներառյալ համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի եւ G20-ի շրջանակում), երկկողմ ապրանքաշրջանառության աճը։ Քննարկումը կվերաբերի նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցությանը, այդ թվում՝ «Սիբիրի ուժը -  2» գազատարին, որը պետք է անցնի Յամալի եւ Արեւմտյան Սիբիրի տարածքից մինչեւ Չինաստան։

Ավելի վաղ դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում Պուտինը հյուրին դիմավորել էր Գեորգիեւյան սրահի կենտրոնում, որտեղ տեղադրված են Ռուսաստանի եւ Չինաստանի դրոշները։ Ձեռքսեղմումից հետո առաջնորդներն իրենց պատվիրակությունների ներկայությամբ ունկնդրել են իրենց երկրների օրհներգերը։

Բանակցությունների արդյունքներով Պուտինն ու Սի Ծինփինը երկու համատեղ հայտարարություն կստորագրեն եւ ելույթ կունենան մամուլի առջեւ։ Սպասվում է նաեւ միջկառավարական եւ միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի հաստատում։