Ադրբեջանում դեկտեմբերի 30-ին ձերբակալվել է «Հուսալի պաշտպանություն» կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Բախթիար Մամեդովը. նա մեղադրվում է խարդախության մեջ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ իրավապաշտպանին ձերբակալել են Ռազմածովային ուժերի հրամանատար Շահին Սուլթանովի դիմում-բողոքի հիման վրա: «Նրա դիմումի հիման վրա Մամեդովի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 182.3.2-րդ հոդվածով (սպառնալիքի ներքո խոշոր չափերի գույքի բռնագրավման փորձ): Այժմ Մամեդովը ձերբակալվել է եւ երեք ամիս գտնվելու է կալանքի տակ, նախքան դատական գործընթացի սկիզբը»:
Թերթը պարզաբանում է, որ իրականում Շահին Սուլթանովը «Դրոշի հրապարակի» («Բայրագ Մեյդան») տարածքն ընդարձակելու համար ապօրինաբար բռնագրավել է այդ տարածքում բնակվող 26 զինծառայողի բնակարան: «Իրավապաշտպանը ձերբակալությունից առաջ հրապարակումներ է արել Սուլթանովի ապօրինի գործողությունների մասին ու բողոքի բազմաթիվ դիմումներ հղել Գլխավոր դատախազություն, Կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, Սաբայել շրջանի դատախազություն եւ այլն: Նրա բոլորը դիմումները անուշադրության են մատնվել, մինչդեռ Սուլթանովի դիմումն արագ արձագանք է գտել, եւ կարճ ժամանակ անց իրավապաշտպանը ձերբակալվել է»,- եզրափակում է «Ազադլըգ»-ը:




























