Բաղըշին խորհուրդ եմ տալիս կիրակի օրերը չայցելել Հայաստանի արխիվներ, քանի որ այդ օրերին դրանք փակ են նաեւ մեր երկրի քաղաքացիների համար: Շաբաթվա մյուս օրերին նա հանգիստ կարող է այցելել արխիվներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` մեկնաբանելով Թուրքիայի` ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը, թե Թուրքիան չի վախենում իր պատմությունից եւ պատրաստ է սկսել քննարկումները, սակայն դրա համար Հայաստանը պետք է բացի իր արխիվները:

Ինչ վերաբերում է կոչին որ արվել է Թուրքիայի դիրքորոշման հետ համաձայն եւ ոչ համաձայն երկրներին, բացելու իրենց արխիվները, ըստ Դեմոյանի, դա փարիսեցիություն եւ մանիպուլյացիա է, նաեւ Թուրքիայի հերթական ծիծաղելի փորձը:

«Այս պահի դրությամբ բաց են աշխարհի բոլոր հնարավոր արխիվները, որոնք փաստաթղթեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին, բացի Թուրքիայի Ռազմական արծիվից: Այն փակ է անգամ սեփական երկրի քաղաքացիների առջեւ»,- ընդգծել է Դեմոյանը:

Նշենք, որ Բաղըշը հայտարարել էր, թե Թուրքիան չի վախենում իր պատմությունից եւ պատրաստ է սկսել քննարկումները, սակայն դրա համար Հայաստանը պետք է բացի իր արխիվները: