Դեռեւս երկու օր առաջ Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածում, Ցողամարգ գյուղի մոտակայքում վթարի հետեւանքով շրջված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան մինչեւ հիմա շարունակում է մնալ դեպքի վայրում:

Նշենք, որ հունվարի 8-ին, ժամը 14-ի սահմաններում «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել ու ընկել ձորակը:

Վարորդը, որի ինքնությունը դեռեւս պարզված չէ, մեքենայում եղել է միայնակ: Այս մասին, նշել են դեպքի վայրում հերթապահություն կատարող ոստիկանները: Նրանք փոխանցել են, որ ամենայն հավանականությամբ, ճանապարհի այդ հատվածը եղել է մերկասառույցով պատված եւ, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ բեռնատարը բարձված է եղել կարտոֆիլով եւ Վրաստանից ուղեւորվում էր Գյումրի:

Հավելենք, որ 2011թ-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012 թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է 35 ավտոպատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է,  65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: