Հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կադաստրային միավորումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են կառույց դիմող քաղաքացիների դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի տրամադրումը: Այս փոփոխությունն, ըստ պատասխանատուների, կնվազեցնի գործառույթն անմիջական իրականացնող պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը, որն իր հերթին կնպաստի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում այս տարեսկզբից գործում են նմանատիպ սպասարկման կենտրոններ, իսկ գրանցման տարածքային ստորաբաժանումը Գյումրիի կադաստրն է, որն այս տարվա հունվարի 1-ից ձեռք է բերել մարզային կառույցի կարգավիճակ:

«Մարզի տարածաշրջաններից յուրաքանչյուրում նախկինում գործում էին անշարժ գույքի ու կադաստրի համապատասխան ստորաբաժանումներ, որոնք սպասարկում էին հարակից գյուղերի ու քաղաքների բնակիչներին»,-ներկայացրել է Ախուրյանի Կադաստրի սպասարկման գրասենյակի պատասխանատուն ու հավելել. «Օրինակ Ախուրյանի կադաստրը, որը նախկինում սպասարկում էր տարածաշրջանի 33 գյուղական համայնքների բնակիչների այժմ վերձեւակերպվել է որպես սպասարկման գրասենյակ եւ չի իրականացնում իր այն գործառույթները, որոնք ուներ մինչ 2012 թվականը: Այստեղ ընդունում են քաղաքացիների համապատասխան դիմումները, սակայն դրանց ընթացք տրվում է կադաստրի մարզային կառույցում»:

Նորամուծության թերություններից է այն, որ այս փոփոխությունները որոշ տարածաշրջաններում կադրային կրճատումների պատճառ են դարձել: Ախուրյանի կադաստրը, որ նախկինում ուներ մեկ տասնյակից ավելի աշխատողներ, այժմ 3 հաստիքային աշխատող ունի: Տվյալներ կան նաեւ, որ Աշոցքի, Ամասիայի, Մարալիկի ու Արթիկի կադաստրային բաժանմունքները ավելի մեծ թվով աշխատակիցներ են կորցրել ու դեռեւս անհայտ է, թե նրանք հետագայում այս ոլորտում աշխատանք կունենա՞ն թե` ոչ: Ուստի մասնագետներն առայժմ խուսափում են կարծիք հայտնել այն մասին, թե փոփոխությունները դրական թե բացասական ազդեցություն կունենան այս համակարգում: