2012-ի հունվարի 1-ից մինչ օրս Լոռիի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ ստացվել է 45 կանչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզի փրկարար վարչության պետի տեղակալ, Փրկարար ծառայության փոխգնդապետ Լեւոն Դալլաքյանը նշեց, որ ստացված 45 կանչերից 42-ը եղել են հրդեհներ: «Երկու մարդ  թունավորվել է, իսկ մեկ մարդ ընկել գնացքի տակ»,-ասաց նա:

Նշված ժամանակահատվածում Լոռիում մեծ թիվ են կազմել նաեւ գերեզմանատներում բռնկված հրդեհները, որն ըստ Լեւոն Դալլաքյանի, հիմնականում եղել են գերեզմանատներ այցելության օրերին` հունվարի 2-ին, 6-ին, 7-ին: Դեպքերը հիմնականում գրանցվել են  մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաեւ Կաթնառատ, Գյուլագարակ, Օձուն, գյուղերի գերեզմանոցներում: 

Բացի չոր խոտածածկույթի հրդեհներից, մասամբ այրվել են նաեւ եղեւնիներ.  Վանաձորի քաղաքային գերեզմանատանը` 100 եղեւնի, Օձունի գերեզմանոցում` 10, Ստեփանավանում` 400, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին գտնվող եղեւնիների պուրակում մասնակի այրվել է 400 եղեւնի: