Ուրցաձոր գյուղում հայտնաբերված միայնակ բնակվող 73-ամյա Աշոտ  Մելիքյանին ոչ թե սպանել են, այլ նա, նախնական վարկածով, ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետի տեղակալ Վանիկ Բադալյանը, ինչպես նաեւ Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի   երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող` 73-ամյա Աշոտ  Մելիքյանի դիակը: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր: Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ, հայտնաբերվել է արյունոտ դանակ եւ մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա եւ արծաթյա զարդեր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով  կատարվում է նախաքննություն:

Գնալով կատարվածի հետքերով NEWS.am-ը զրուցեց  Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ: Վերջինս նշեց, որ կատարվածը սպանություն չէ հաստատ, քանի որ ինքն անձամբ եղել է դեպքի վայրում եւ բնակարանի դուռը ներսի կողմից փակված է եղել: Բացի այդ, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են Աշոտ Մելիքյանի ունեցվածքը, որը  հափշտակված չի եղել: Գյուղապետից փորձեցինք հասկանալ նաեւ, թե ինչը կարող էր 73-ամյա տղամարդու համար ինքնասպանության պատճառ հանդիսանալ եւ, թե վերջինս ինչ կարգավիճակում ու պայմաններում է ապրել:

Գյուղապետի փոխանցմամբ, Աշոտ  Մելիքյանը շատ ինքնամփոփ մարդ է եղել: Ունի 1 տղա եւ 5 աղջիկ, սակայն նրանց  հետ գրեթե չի շփվել, երեխաններն են նրան ավելի շատ իրենց ուշադրության կենտրոնում պահել: Ավելին, որպես սառնասրտության, ինքնամփոփության օրինակ գյուղապետը հիշեց, որ Աշոտ Մելիքյանի կինը տարիներ շարունակ հիվանդ է եղել, սակայն նա այդ ընթացքում թողել է ընտանիքը եւ առանձին ապրել: Նույնիսկ 6 ամիս առաջ  հարսի եւ անգամ ավելի վաղ կնոջ հուղարկավորությանը չի մասնակցել:

Ռաֆիկ Անդրեասյանի պատմելով, Աշոտ Մելիքյանը ֆինասական խնդիրներ չի ունեցել, քանի որ եւ երեխաներն են օգնել, եւ բավական բարձր թոշակ է ստացել եւ ոչ ոքի վրա չի ծախսել: Տարիներ շարունակ աշխատել է եւ աշխատանքի արդյունքում ձեռքբերված խնայողությունները զարդերի տեսքով եւս իր մոտ է պահել: Գյուղապետին ուղղված այն հարցին, թե ենթադրություններ էլ չկա՞ն, թե ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել, նշեց, որ դեռեւս ոչ մի վարկած չկա, քանի որ Աշոտ Մելիքյանը շատ ինքնամփոփ մարդ է եղել: Ավելին` արհամարհված է եղել գյուղացիների կողմից: «Բարեւ-բարլուս էլ չի եղել: Մարդիկ չէին հարգում նրան, քանի որ նա ոչ միայն ինքնամփոփ էր, այլեւ մի քիչ էլ «կլյաուզնիկ» խայսաթ ուներ: Չէր շփվում մարդկանց հետ: Ինքը իր պահվածքով իրենից հեռացնում էր մարդկանց»,- մանրամասնեց Ուրցաձորի գյուղապետը:

NEWS.am-ը զրուցեց նաեւ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետի տեղակալ Վանիկ Բադալյանի հետ, ով  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ներկա պահին կասկածում են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն վերջնական եզրակացության համար սպասում են դատաբժշկի փորձաքննությանը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը