Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` դեկտեմբերի 10-ին, որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:  Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2011 թ. դեկտեմբերին արձանագրվել է 2.5% գնաճ: Արդյունքում 2011 թ. տարեկան գնաճը կազմեց 4.7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատեւ ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները եւ ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը:

ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույնն են. ինչպես հարկաբյուջետային քաղաքականության եւ մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք:

Խորհուրդն ամփոփել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, եւ 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի: