Գերմանիայի արդարադատության նախարար Ստեֆանի Հյուբիգը հանդես է եկել սոցիալական ցանցերի օգտատերերի համար տարիքային սահմանափակում սահմանելու օգտին, հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Tagesschau-ին։

Ինչպես նշել է նախարարը, սոցիալական ցանցերից օգտվելու համար հստակ և, ամենից առաջ, արդյունավետ տարիքային սահմանափակումը պաշտպանում է երեխաների անձնական կյանքը, ինչպես նաև նպաստում է առողջ զարգացմանը։

«Երեխաներն ու դեռահասները պաշտպանության կարիք ունեն, այլ ոչ թե ինքնադրսևորման ճնշման», - ընդգծել է նա։

Հյուբիգի կարծիքով, սա կհեշտացնի նաև ծնողների կյանքը, որոնք այլևս ստիպված չեն լինի ամեն օր երեխաների հետ քննարկել նրանց ակտիվությունը սոցիալական ցանցերում։

Նա հավելել է, որ այլ երկրների առաջին փորձը ցույց է տալիս, որ նման սահմանափակումը դպրոցներում դրական է անդրադառնում երեխաների և դեռահասների վրա։

Ըստ Հյուբիգի, այնտեղ «նվազում է բուլիինգը, ավելանում՝ կենտրոնացումը, ակտիվանում՝ սոցիալական փոխգործակցությունը»։

Ինչպես հաղորդվել է, Նորվեգիայի իշխանություններն առաջարկում են սահմանափակել սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար։

Բացի այդ, Ֆրանսիան ցանկանում է ԵՄ մակարդակով սոցցանցերից օգտվելու նվազագույն տարիք սահմանել։