Աշխարհում ծնելիության մակարդակը աննախադեպ մակարդակի ընկել է, մոլորակի միլիոնավոր մարդիկ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում:
Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել 14 երկրների 14 հազար մարդկանց շրջանում, որոնք կազմում են աշխարհի բնակչության մեկ երրորդը, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, երեխաներ ունենալու ծրագրերի վերաբերյալ: Ուսումնասիրությունը ներառել է ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող մարդկանց: Հարցմանը մասնակցել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ ոչ վերարտադրողական տարիքի մարդիկ: Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը նշել է, որ չի կարող ունենալ ցանկալի թվով երեխաներ: Հարցվածները երեխաներ ունենալուց հրաժարվելու կամ շատ երեխաներ ունենալու հիմնական պատճառը նշել են ֆինանսական դժվարությունները և կյանքի բարձր արժեքը: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և զբաղվածության համատեղման դժվարությունները, անարդյունավետ բնակչության քաղաքականությունը, առողջապահական խնդիրները և քաղաքական անկայունությունը:
«Աշխարհը մտել է ծնելիության զգալի անկման փուլ։ Ծնելիության մակարդակը մեծ մասամբ նվազում է, քանի որ շատ մարդիկ զգում են, որ չեն կարող ստեղծել իրենց ուզած ընտանիքը, և սա իսկական ճգնաժամ է», - ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Կանեմը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքերը մեջբերել է BBC բրիտանական հեռարձակող կորպորացիան։
ՄԱԿ-ի վերջին զեկույցում, որը վերաբերում է աշխարհի բնակչության հեռանկարներին, նշվում է, որ հաջորդ 90 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը կաճի 3.1 միլիարդ մարդով, որից հետո կհետևի աստիճանական անկում։ Փաստաթղթում նշվում է, որ աշխարհի բնակչության աճը կապված կլինի Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի երկրներում բարձր ծնելիության հետ։ Հակառակ միտում է նկատվում Եվրոպայի և Ճապոնիայի երկրներում, որտեղ բնակչության թիվը, կանխատեսումների համաձայն, կնվազի մինչև 2050 թվականը։




























