Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այսօր առավոտյան տեղացած ուժգին կարկուտի հետևանքով բնակիչների 60-70 տակոսը վնասներ են կրել. կարտոֆիլի ու կաղամբի բերքը, պտղատու ծառերն են հատկապես վնասվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Լիճքի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանը։

«Մոտ 40 րոպե ուժեղ կարկուտ տեղաց։ Վերջին տարիներին մեր գյուղում նման ուժգին կարկուտ չէր եղել։ Շատ վնասներ ենք կրել. կարֆոտիլ, կաղամբ, պղատու ծառեր՝ խնձոր, տանձ։ Հանձնաժողով է կազմվել համայնքապետարանի կողմից, որպեսզի վնասի չափը հաշվենք»,–ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ փոխհատուցման մասին դեռևս ոչինչ ասել չի կարող։

Սիրական Սիրականյանը նշեց, որ բերքից բացի այլ վնասների մասին գյուղացիների կողմից ահազանգեր չի ստացել, ենթադրում է, որ արոտավայրերում գտնվող կենդանիներն էլ չեն վնասվել։

Խոսելով գյուղում տիրող վիճակի մասին, վարչական ղեկավարն ասաց.

«Իհարկե, անհանգստացած են բնակիչները, փորձում ենք հանգստացնել նրանց, մինչև տեսնենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»։

Հիշեցնենք, որ առավոտյան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, և հայտնել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղացած ուժգին կարկուտի մասին։