Պետությունը նախատեսում է 2026թ. Հայաստանի համայնքներին տրամադրվող սուբսիդիաների չափը հասցնել 107.8 մլրդ դրամի։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2024թ. 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ։ «Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան նախատեսված էր տարեսկզբին»,- նշել է Խուդաթյանը։ Նախարարը հիշեցրել է, որ 2024թ. առաջին անգամ կատարելագործվել են ֆինանսական համահարթեցման սուբսիդիաների հաշվարկման մեխանիզմները։ «Այս միջոցառումները նպատակ ունեին մեղմել տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջեւ հնարավոր բեւեռացումը։ Այս նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ծախսերի համար հատկացվել է լրացուցիչ 5 մլն դրամ։ Առաջին անգամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված 8 համայնքներից յուրաքանչյուրին տրամադրվել է 50 մլն դրամ սուբսիդիա։ Ավելին, սուբսիդիայի չափը անընդհատ աճում է։ Այսպիսով, 2026թ. սուբսիդիայի չափը արդեն կկազմի 107.8 մլրդ դրամ, ինչը մոտավորապես 54 տոկոսով ավելի է, քան 2023թ.»,- եզրափակել է Դավիթ Խուդաթյանը։



























