Մեր գործարքը Չինաստանի հետ կնքված է, և այն պետք է վերջնականապես հաստատվի նախագահ Սի Ցզինպինի և իմ կողմից։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Բոլոր անհրաժեշտ հազվագյուտ հողային տարրերը նախապես կմատակարարվեն Չինաստանի կողմից։ Նմանապես, մենք Չինաստանին կտրամադրենք այն, ինչի մասին համաձայնության ենք եկել, այդ թվում՝ մեր քոլեջներում և համալսարաններում սովորող չինացի ուսանողներին (ինչը միշտ ինձ համար ընդունելի է եղել)։ Մենք ստանում ենք մաքսատուրքերի ընդհանուր 55%-ը, Չինաստանը՝ 10%-ը։ Հարաբերությունները հիանալի են։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ Չինաստանի ներկայացուցիչը միջազգային առևտրային բանակցություններում և առևտրի փոխնախարար Լի Չենգանգը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են մասնագիտական, ռացիոնալ, խորը և անկեղծ կարծիքների փոխանակում։

Նա հույս է հայտնել, որ Լոնդոնի հանդիպմանը ձեռք բերված առաջընթացը կնպաստի Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ամրապնդմանը և երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի կայուն և առողջ զարգացմանը։