Չինաստանի կառավարությունը, օրենքին համապատասխան, հաստատել է հազվագյուտ մետաղների արտահանման մի շարք հայտեր, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յադունը՝ մեկնաբանելով Լոնդոնում Չինաստան-ԱՄՆ առեւտրային բանակցություններից հետո հաստատված հայտերի քանակը։

«Չինաստանը, որպես պատասխանատու երկիր, լիովին հաշվի է առնում տարբեր երկրների ողջամիտ կարիքներն ու շահերը [հազվագյուտ հողային մետաղների] քաղաքացիական կիրառման ոլորտում եւ մշակում է հազվագյուտ հողային մետաղների հետ կապված արտադրանքի արտահանման լիցենզիաների հայտերը՝ համաձայն օրենքի»,- ասել է Հե Յադունը։- Օրենքի համաձայն՝ որոշակի թվով համապատասխան հայտեր հաստատվել են, եւ դրանց հաստատումը կշարունակվի»։

Նա նշել է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կշարունակեն պահպանել երկխոսությունը, նվազեցնել թյուրըմբռնումները, ամրապնդել համագործակցությունը եւ համատեղ խթանել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն եւ երկարաժամկետ զարգացումը։

«Միակողմանի մաքսատուրքերի դեմ Չինաստանի դիրքորոշումը հետեւողական է, մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին պահպանել ԱՀԿ կանոնները եւ համագործակցել Չինաստանի հետ՝ համաձայն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների»,- ասել է Հե Յադունը։

Հունիսի 9-10-ին Լոնդոնում տեղի ունեցան Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցություններ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը գրեթե հասել են առեւտրային համաձայնագրի, որը պետք է հաստատվի երկու պետությունների ղեկավարների կողմից: Նրա խոսքով՝ Չինաստանը Միացյալ Նահանգներ կմատակարարի հազվագյուտ մետաղներ:

Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնեւում մայիսի 10-11-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Այդ հանդիպման ժամանակ Պեկինը եւ Վաշինգտոնը համաձայնել են մասնակիորեն կրճատել փոխադարձ մաքսատուրքերը, որոնց չափը մինչեւ մայիս գերազանցել է 100 տոկոսը։