Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Նաթանզի գործարանի վերգետնյա հատվածը, որտեղ Իրանը մինչև 60% հարստացված ուրան էր արտադրում, ոչնչացվել է, ինչպես նաև տարածքում տեղակայված էլեկտրական ենթակառուցվածքները։

Նա նշել է, որ Իրանը հաստատել է՝ այսօրվա հարձակումների ժամանակ սկզբնապես հարված է հասցվել միայն Նաթանզի վառելիքի հարստացման գործարանին։

«Նատանզում ոչնչացվել է փորձնական գործարանի վերգետնյա մասը, որտեղ Իրանը արտադրում էր մինչև 60% հարստացված ուրան (ուրան-235 իզոտոպի պարունակությունը): Տեղանքի էլեկտրական ենթակառուցվածքները՝ բաշխիչ ենթակայանը, գլխավոր էլեկտրամատակարարման շենքը, արտակարգ էլեկտրամատակարարման համակարգը և պահեստային գեներատորները նույնպես ոչնչացվել են», -ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Գրոսին՝ առցանց ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Գործակալության գլխավոր տնօրենը հավելել է, որ ցենտրիֆուգների կասկադներով ստորգետնյա օբյեկտի վրա ֆիզիկական հարձակման որևէ նշան չկա, որտեղ տեղակայված են փորձարարական և հիմնական վառելիքի հարստացման գործարանի մասերը։

«Այնուամենայնիվ, կասկադների էլեկտրաէներգիայի անջատումը կարող էր վնասել այնտեղ տեղակայված ցենտրիֆուգները», -նշել է Գրոսին։