Ոստիկանությունը ձերբակալել է Մինեսոթայի օրենսդիր ժողովի անդամ Մելիսա Հորթմանի եւ նրա ամուսնու սպանության, ինչպես նաեւ խորհրդարանի անդամ Ջոն Հոֆմանի եւ նրա կնոջ վրա հարձակման մեջ կասկածվող անձին, կիրակի հաղորդել է ABC News-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ 57-ամյա Վենս Բոելթերը ձերբակալվել է Գրին Այլ քաղաքում (Մինեսոթայի նահանգ): Շաբաթ օրը վաղ առավոտյան նա կրակ է բացել երկու հարեւան քաղաքներում՝ Չամփլինում եւ Բրուքլին պարկում, որոնք գտնվում են Մինեապոլիսից մոտ 13 կիլոմետր հյուսիս: Բոելթերն այդ օրը ոստիկան էր ձեւացել, նրան տեսել էին Հորթմանի տան մոտ, երբ իրավապահները եկել էին ապահովելու նրա անվտանգությունը։ Այդ ժամանակ կասկածյալին հաջողվել էր փախչել ոստիկանությունից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը որակել է «նպատակային հարձակում նահանգային օրենսդիրների վրա» եւ խոստացել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ ՀԴԲ-ն կհետաքննեն եւ օրենքի ողջ խստությամբ կդատեն «բոլոր ներգրավվածներին»։ Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը հայտնել է, որ Հորթմանի եւ նրա ամուսնու սպանությունը դարձել է «նպատակային քաղաքական բռնության ակտ»։ Ինչպես տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները, Բոելթերի մեքենայում իրավապահները հայտնաբերել են նրա պոտենցիալ զոհերի ցուցակը, որոնց մեջ եղել են նահանգի պաշտոնյաներ եւ օրենսդիրներ, ներառյալ նահանգապետը։