Լրագրողին հարվածած ոստիկանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն ոստիկանը նախկինում բազմիցս աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով ու քաղաքացիներին հայհոյելով՝ նա անելիք չունի ոստիկանությունում և պետք է հեռացվի»,– հավելել է նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել եւ ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաեւ հարվածեց 24news.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

Քասախցիները պահանջում են վերականգնել 59 համարի երթուղու ավտոբուսը։