Երեւանի բենզալցակայաններում արձանագրվել են սպառողներին խաբելու դեպքեր` ռեգուլյար մակնիշի բենզինը վաճառել են որպես պրեմիում եւ սուպեր: Այդ մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:

«Մեկ հորից 3 տեսակի բենզին են վաճառել` ռեգուլյար, պրեմիում եւ սուպեր: Նման բենզալցակայանների գործունեությունը կասեցրել ենք»,- ասաց Լ. Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ` Երեւանում վերջին 3 ամսում ստուգվել է 15 բենզալցակայան, որոնցից 4-ի գործունեությունը կասեցվել է:

Ըստ Լ. Խալիկյանի` տեսչությունն ունի շարժական 2 լաբորատորիա, որոնք տեղում ստուգում են վաճառվող բենզինի օկտանային թիվը: Սակայն տեսչության պետը վստահեցրեց, որ բենզալցակայանները գոնե քանակային խաբեության չեն դիմում` համենայնդեպս «պակաս լցնելու» վերաբերյալ ոչ բողոքներ կան, ոչ էլ բացահայտումներ: