Իտալական ավտոհսկա Ferrari-ն մշակում է Hypersail անունով զբոսանավ, որը համարվում է իր չափերի աշխարհում առաջին նավը՝ լիովին ինքնավար էներգամատակարարմամբ։ Նավը կօգտագործի ոչ միայն արևային էներգիան և քամու հոսանքները, այլև բուն նավի շարժումից վերաստացված կինետիկ էներգիան։
Հիմնական դիզայնի առանձնահատկությունը հիդրոթևային համակարգն է, որը նավին հնարավորություն է տալիս բառացիորեն «ճախրել» ջրի վրայով՝ զարգացնելով մինչև 50 հանգույց արագություն, հաղորդում է Ֆոկուսը։ Զբոսանավի հիմնակմախքը մշակում է հայտնի ֆրանսիացի ծովային ճարտարապետ Գիլյոմ Վերդիեն։ 30 մետր երկարությամբ նավը կստանա ինքնատիպ կայունացման համակարգ՝ օգտագործելով շփման երեք կետեր՝ նավի ողնափայտն ու երկու ղեկային տարրեր։
Ի տարբերություն ավանդական զբոսանավերի, Hypersail -ը չի ունենա ներքին այրման շարժիչ կամ պահեստային գեներատոր։ Բոլոր կառավարման համակարգերը կաշխատեն վերականգնվող էներգիայի աղբյուրներից։ Ferrari-ն դեռևս որոշում չի ընդունել այս հետաքրքրաշարժ նորույթի մասնակցության վերաբերյալ որոշակի մրցումներում։ Ինչպես նշում է ընկերության տնօրեն Ջոն Էլկանը, դիզայնն արդեն իսկ գերազանցում է Ամերիկայի գավաթի գործող կանոնակարգերը։ Այն ավելի շատ փորձարարական նախագիծ է, որը ցուցադրում է նոր տեխնոլոգիաներ և ապագայի հանդեպ ձգտումներ։
Նախատիպի կառուցումը տեղի է ունենում Իտալիայի նավաշինարանում, իսկ առաջին ծովային փորձարկումները նախատեսված են 2026 թվականին: Hypersail-ը խոստանում է համատեղել միակմախք և բազմակմախք նավերի առավելությունները և նոր գլուխ բացել առագաստային նավերի նավարկության պատմության մեջ:





























