Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին խոսնակ, ներկայումս նախագահ Իլհամ Ալիեւի հիմնական հակառակորդներից մեկը համարվող Ռասուլ Գուլիեւը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեստագի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo.az կայքը:

«Ռասուլ Գուլիեւը հանդիպել է Բունդեսթագի` «Միություն90/Կանաչներ կուսակցության ներկայացուցիչ, Եվրամիության արտաքին կապերի հարցերով զեկուցող Վիոլա ֆոն Քրամոնի (Viola von Cramon) հետ: Գուլիեւը մարդու իրավունքների պաշտանության համար պայքար մղող քաղաքական գործչին տեղեկություններ է հաղորդել իր կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Նա խոստացել է Ադրբեջանում կայանալիք քաղաքական գործընթացներում մշտապես պայքար մղել`հանուն ժողովրդավարության: Ռասուլ Գուլիեւը հանդիպել է նաեւ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի մասնաճյուղի ղեկավար Քրիսթին Վեիլի (Christine Weil) հետ: Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ` Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու միջոցով»,-գրում է կայքը:

Հանդիպման ժամանակ Գուլիեւը նաեւ հայտնել է, որ Արեւմտյան երկրները, Եվրոխորհրդարանը եւ Եվրախորհուրդը կլոր սեղան պետք է հրավիրեն` քննարկելու համար Ադրբեջանում ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ այդ հանդիպմանը պետք է մասնակցեն «Ընդդիմություն շարժման», «Հասարակական պալատի» եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը: Վերջերս նա հայտնել էր, որ շուտով վերադառնալու է Ադրբեջան բացի այդ նա հայտարարել էր, որ 2013-ին դառնալու է Ադրբեջանի նախագահ: