Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը ստորագրել է օրենք, որն արգելում է օտարերկրյա անձանց տիրապետել, օգտագործել, տնօրինել և/կամ կառավարել լրատվամիջոցների կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ մասնակցության 35%-ից ավելին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Օրենքի նպատակը զանգվածային լրատվական միջոցների ոլորտի օրենսդրության կատարելագործումն է, որն ուղղված է անկախ, մրցունակ և պատասխանատու հրատարակությունների զարգացման համար պայմաններ ստեղծելուն։ Այժմ բոլոր ԶԼՄ-ները պարտավոր կլինեն գրանցվել Արդարադատության նախարարությունում՝ ներառյալ ինտերնետային հրատարակությունները, YouTube-յան ալիքները, փոդքասթները, վավերագրական տեսանյութերը և այլ առցանց բովանդակությունը։
Օրենքը լրատվամիջոցներին իրավունք է տալիս գաղտնի պահել տեղեկատվության աղբյուրը, այդ թվում՝ տեղեկատվությունը տրամադրած անձի ինքնությունը՝ այն պայմանով, որ նրա անունը չպետք է բացահայտվի, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան հարցումը ստացվել է դատարանից՝ կապված դրա վարույթում գտնվող որևէ գործի հետ։
Ներդրվում է նաև գրաքննության խիստ արգելք՝ սահմանելով նորմեր, որոնք բացառում են պաշտոնատար անձանց ցանկացած միջամտությունը ԶԼՄ-ների գործունեությանը։





























